Հույն զորավարներն իրենց բանակում փառավոր հացկերույթ են կազմակերպում և հայոց Պապ թագավորին հրավիրում ընթրիքի։ Նրանք մեծ պատվով ու արժանավորությամբ ընդունում են հայոց թագավորին, բերում, բազմեցնում կերուխումի սեղանի գլխին։ Երբ Պապ թագավորը մտնում է Տերենտ զորավարի սենյակը, տեսնում է, որ սենյակի չորս պատերի տակ կանգնած են լեգեոնի ասպարակիր զինվորները՝ ձեռներին՝ վահան, գոտիներում՝ սակր։ Իսկ սենյակից դուրս դարձյալ կազմ ու պատրաստ կանգնած էին լավ սպառազինված զինվորներ՝ վրայից սովորական զգեստ հագած։ Պապին թվում է, թե այդ բոլոր զինվորները իր պատվի համար են պահակ կանգնած։ Մինչ Պապը սեղանի գլխին նստած ընթրիք էր վայելում, նրա թիկունքին կանգնած սակրավոր զինվորներն աստիճանաբար շատանում են և շրջապատում նրան։ Գինեխումի ժամանակ ուրախության առաջին բաժակը մատուցում են Պապ թագավորին, և նույն պահին հնչում է թմբուկների ու սրինգների, քնարների ու փողերի ներդաշնակ ձայնը։ Այդ վայրկյանին էլ վահանակիր զինվորներին ազդանշան է տրվում։ Եվ մինչ Պապը ուրախության գինու ոսկե թասը ձեռին բռնած՝ բերանին էր մոտեցնում և նայում գուսանների խմբին, իսկ աջ ձեռը դրել էր աջ ազղրին կապած ղաշույնի կոթին, թագավորի թիկունքին կանգնած երկու սակրավոր զինվորներ, սպասավորման ոսկեպորտ վահաններով պատսպարված, իրենց սակրերը միասին բարձրացնելով, զարկում են Պապ թագավորին, մեկի հարվածից թագավորի վիզն է կտրվում, մյուսից՝ աջ ձեռի թաթը, որ դրված էր դաշույնի կոթի վրա։ Պապ թագավորը բերանքսիվայր ընկնում է սեղանին, թասով գինին խառնվում է պարանոցից հոսող արյանը, և նա տեղնուտեղը մեռնում է։ Սեղանատանը աղմուկ ու շփոթություն է ընկնում, ընթրիքին ներկա Պապի ուղեկից իշխան Գնել Անձևացին իսկույն իր բազմած տեղից վեր է թռնում, քաշում սուրը և սպանում թագավորին սպանող զինվորներից մեկին։ Այդ պահին հունաց Տերենտ զորավարը քաշում է սուրը և հարվածում Գնելի գլխին։ Սուրը կտրում է Գնելի գլխի սկավառակը և շուռ տալիս աչքերի վրա։ Գնելը ընկնում է մեռնում, իսկ ներկաներից ոչ ոք այլևս չի հանդգնում հույն զինվորների դեմ ըմբոստանալ: