Եթե մարդ կորցրել է գիտակցությունը…

Գիտակցության կորուստը մարդու կյանքին սպառնացող վիճակ է: Դրա պատճառ կարող են լինել բազմաթիվ վնասվածքներ եւ հիվանդություններ, ինչպես օրինակ՝ սրտի աշխատանքի խանգարումները, գլխուղեղի վնասվածքները, հանկարծահաս հիվանդագին վիճակները:
Բացի այն, որ անգիտակից տուժածի բոլոր մկանները թուլանում են, եւ եթե նա մեջքի վրա է պառկած, լեզուն կարող է ետ գնալ ու փակել շնչուղիերը, նրա մոտ բացակայում են նաեւ կլլման ու հազի ռեֆլեքսները: Դրա հետեւանքով փսխման զանգվածները, արյունը կամ այլ հեղուկներ կարող են խցանել շնչուղիները, ինչը շնչառությունը դադարելու պատճառ կարող է լինել:
Գիտակցություն չունեցող, բայց շնչող տուժածին պետք է կողքի ապահովության դիրքի բերել: Պարզելով, որ մարդը չունի գիտակցություն, բայց շնչում է, առանց ժամանակ կորցնելու նրան շրջեք կողքի ապահովության դիրքի: Այն հնարավորություն է տալիս ապահովել շնչուղիների անցանելիությունը եւ բերանի խոռոչի պարունակության արտահոսքը: Այդ դիրքի բերելու համար տեղավորվեք տուժածի մարմնին մոտ, ձեր կողմի ձեռքը բացեք նրա մարմնի նկատմամբ մոտավորապես ուղիղ անկյան տակ եւ բռնելով նրա՝ ձեզնից հեռու կողմի ուսից ու կոնքից՝ տուժածին համաչափ շրջեք դեպի ձեզ՝ կողքի: Վերեւում հայտնված ոտքը ծալեք եւ դրեք մյուս ոտքին:
Տուժածի շնչուղիների անցանելիության ապահովման նպատակով՝ բռնեք նրա ճակատից եւ կզակից, հետո գլուխը զգուշությամբ հետ տարեք՝ միաժամանակ դեմքը շրջելով դեպի ներքեւ, եւ բացեք նրա բերանը: Շրջելուց հետո տուժածը պետք է հենված լինի ծալված ոտքի եւ ուսի վրա: Տարբերություն չկա, թե որ կողմի վրա դուք կշրջեք տուժածին: Սակայն, եթե տուժածը հղի կին է, ապա նրան պետք է շրջել ձախ կողմի վրա:
Տուժածի շնչուղիների անցանելիությունն ապահովելու համար գլուխը զգուշությամբ հետ տարեք՝ միաժամանակ դեմքը շրջելով դեպի ներքեւ: Բացեք նրա բերանը:
Կողքի ապահովության դիրքի բերելիս զգույշ եղեք, հատուկ ուշադրություն դարձրեք գլխին եւ պարանոցին: Հնարավորության դեպքում տուժածին շրջեք առնվազն 2 հոգով, որոնցից մեկը պետք է պահի գլուխը:
Կողքի ապահովության դիրքի բերելուց հետո՝ անհրաժեշտ է պահպանել տուժածի մարմնի նորմալ ջերմաստիճանը, որի համար կարելի է նրա վրա ծածկոց գցել։
Գիտակցության բացակայությունը լուրջ իրավիճակ է, եւ յուրաքանչյուր դեպքում պետք է ահազանգել շտապ օգնություն: Մինչեւ մասնագիտական օգնության ժամանումը վերահսկեք տուժածի վիճակը՝ պարբերաբար ստուգելով նրա անոթազարկը, շնչառությունը եւ գիտակցությունը:
Ինչպես արդեն ասվեց, անգիտակից տուժածի մոտ բացակայում են կլլման եւ հազի ռեֆլեքսները, այդ իսկ պատճառով չի կարելի անգիտակից տուժածին խմեցնել, կերակրել կամ նրա մոտ փսխում առաջացնել:
Անոթազարկը ստուգելով՝ դուք կարող եք գաղափար կազմել սրտի աշխատանքի մասին: Փորձեք հաշվել անոթազարկի հաճախականությունը: Նորմալ վիճակում անոթազարկի հաճախությունը րոպեում հետեւյալն է՝

Չափահաս՝ 60-85 զարկ
Անչափահաս՝ 80-110 զարկ
Ծծկեր՝ 120-140 զարկ

Շնչառությունը ստուգելու համար ձեռքը դրեք տուժածի որովայնին եւ հաշվեք շնչառական շարժումները: Նորմալ վիճակում անոթազարկի հաճախականությունը րոպեում հետեւյալն է՝

Չափահաս՝ 14-18 շնչառական շարժում
Անչափահաս՝ 20-25 շնչառական շարժում
Ծծկեր՝ 40-60 շնչառական շարժում

Շնչառության եւ սրտի աշխատանքի՝ նորմայից շեղումները խոսում են տուժածի վիճակի փոփոխության մասին: Եթե ժամանակի ընթացքում դրանք դանդաղում են կամ արագանում, դառնում անկանոն, ապա տուժածը կարճ ժամանակում կարող է ունենալ սրտի կամ շնչառության կանգ, եւ ընդհակառակը՝ վիճակը կարող է բարելավվել, անգամ գիտակցությունը վերականգնվել: Ուստի դրան պե՛տք է ուշադրություն դարձնել:
Վերահսկման տվյալները գրանցեք եւ առաջնային ու երկրորդային զննման տեղեկությունները հանձնեք ժամանող շտապ օգնության անձնակազմին:
Առաջնային զննում կատարելուց եւ անհրաժեշտության դեպքում համապատասխան անհապաղ օգնություն ցուցաբերելուց հետո պետք է կատարել երկրորդային զննում՝ հայտնաբերելու համար տուժածի կյանքին անմիջական չսպառնացող վնասվածքները եւ վիճակները: Երկրորդային զննման քայլերն ավելի մանրամասն կքննարկենք հաջորդ համարներում:
Այսպիսով, անգիտակից տուժածին օգնելու համար պետք է նրան շրջել կողքի դիրքի եւ անընդհատ վերահսկել նրա վիճակը, մինչեւ շտապ օգնության ժամանումը: